Դատարանի որոշմամբ, ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ․ Էդգար Ղազարյան

Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ: Այս մասին Ավանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բակում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված, օրենսդրությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում ակնհայտ անմեղ մարդում քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց նա։
Ղազարյանը շեշտեց, որ այդքան հեշտ չէ իր նկատմամբ հանիրավի գործողություններ իրականացնել և դրա վերաբերյալ իրենց բողոքը արտահայտելու են։«Քանի դեռ դատարանի այդ որոշումը բողոքարկված չէ, նոր որոշում չկա, ես ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ, ես իրենց ստացած Վոթսափ հաղորդագրությունների կյանքին մեռնեմ»,-ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ:
Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, սա ենթադրում է 2-5 տարի ազատազրկում: