top of page

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի մասին


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հայտնել է, որ մտադիր է երկուշաբթի օրը հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, հաղորդում է ITV News-ը։

«Վաղը ես հայտարարելու եմ հակամարտության սկզբից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթի մասին, դրանք կխաթարեն նրա ռազմական մեքենան և կնվազեցնեն եկամուտները, որոնց միջոցով Ուկրաինայում բորբոքվում է ավերածությունների հրդեհը», - նախարարի խոսքն է մեջբերում հեռուստաալիքը։

Հաղորդման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն հակամարտության դադարեցման մասին բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ, սակայն Կիևին բացառել է բանակցային գործընթացից։

Այս կապակցությամբ Լեմին հայտարարել է, որ Լոնդոնը «կաշխատի ամերիկյան և եվրոպական գործընկերների հետ կայուն, արդար խաղաղության հասնելու համար՝ միևնույն ժամանակ հստակ գիտակցելով, որ առանց Ուկրաինայի Ուկրաինայում ոչինչ չի կարող լինել»:

Նա ասել է, որ հիմա «կրիտիկական պահ է Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և ողջ Եվրոպայի պատմության մեջ», ուստի հարկավոր է «կրկնապատկել» Ուկրաինայի աջակցությունը և  «խաղաղության հասնել ուժի միջոցով»։

Նախարարը հայտարարել է. «Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնում տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ ռազմական աջակցություն տրամադրելուն՝ Ուկրաինային առավելագույն շահավետ վիճակում  դնելու համար և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում բրիտանական զորքեր տրամադրել խաղաղապահ ուժերի կազմում»:

Մեկնաբանելով Լեմիի հայտարարությունները՝ հեռուստաալիքը նշում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին «դժվարին ճանապարհ է սպասվում անցնել՝  հաջորդ շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպմանը՝ հավասարակշռություն պահպանելով Ուկրաինային աջակցության և ԱՄՆ-ին սատարելու  անհրաժեշտության միջև»։

bottom of page